Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես այն պետք է հետաքրքիր դարձնել օտարների համար»

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես այն պետք է  հետաքրքիր դարձնել օտարների համար»
09.06.2017 | 06:41

Զրուցակիցս է Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ: Նրա հետ քննարկեցինք վերջին օրերին հանրային հնչողություն վայելող «Նոյյան տապան» նախագծի հարցը:


-Պարոն Աղամյան, ե՞րբ և ի՞նչ հանգամանքների բերմամբ ի հայտ եկավ «Նոյյան տապանը» կառուցելու գաղափարը:
-Գաղափարը ծնվեց դեռ 1998-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում էր առաջին անգամ մասնակցելու համաշխարհային էքսպոյին, որը 2000-ին կայացավ Գերմանիայի Հանովեր քաղաքում: Ցուցահանդեսը համաշխարհային նշանակություն ունի, կայանում է 5 տարին մեկ անգամ և 5 ամիս է ընթանում: Հանովերի էքսպո-ցուցահանդես այցելեց մոտ 50 մլն մարդ: Հայաստանի տաղավար այցելեց մոտ 20 մլն մարդ, այսինքն, այս հսկա բազմությունը ճանաչեց Հայաստանը նրա պատմությամբ, մշակույթով, գիտությամբ և մյուս բոլոր ձեռքբերումներով: Մեր տաղավարը «Նոյյան տապանի» տեսքով էր ստեղծված, այն շատ գրավիչ էր և համարվեց էքսպոյի լավագույններից մեկը: Իմ նախագծով «Նոյյան տապանը» կառուցեցին գերմանական ընկերությունները՝ գերմանական կառավարության գումարներով:
Ի դեպ, նմանատիպ էքսպոների շարքն աշխարհում սկսվեց դեռ 1851 թվականին՝ Լոնդոնում: Երևի շատերին անծանոթ է, որ աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակը 1889-ին կառուցվել է որպես Ֆրանսիայում կայացած հերթական էքսպոյի Ֆրանսիայի տաղավար: 2015-ին համաշխարհային էքսպոն կայացավ Միլանում, սակայն Հայաստանն այն եզակի երկրներից էր, որն առհասարակ չմասնակցեց այդ միջոցառմանը:
-Հանովերի «Էքսպո-2000»-ում, ըստ էության, ներկայացված էր ժամանակակից աշխարհը:
-Դա մի զարմանալի աշխարհ էր, ուր ամենատարբեր երկրներ ներկայացել էին իրենց կերպարն արտացոլող տաղավարներով: Ցուցահանդեսի ծավալների մասին ընդամենը մեկ բան ասեմ՝ ծայրից ծայր այն 7 կմ երկարություն ուներ: Հիշեցնեմ, որ Երևանի Մաշտոցի պողոտայի երկարությունը 4 կմ է:
-Գաղափարը, փաստորեն, աշխատեց լիովին:
-Միանգամայն: Չէ՞ որ մեր տաղավարի գաղափարական կարգախոսը՝ «Նոյյան տապանի» հետքերով նորովի ճանաչել Հայաստանը», բխում էր հայ ազգի քաղաքակրթական ներդրման նշանակությունից: Նոյը Արարատից իջավ Արարատյան դաշտավայր, խաղող տնկեց, գինի խմեց և մարդկության նոր ծնունդն սկզբնավորեց: Եվ սա ընկալվեց:
-Հետաքրքիր էր Ֆիլիպ Կոտլերի անդրադարձը «Նոյյան տապանին»:
-Այո, 2011-ին համաշխարհային մարքեթինգի դասական Ֆիլիպ Կոտլերը Հայաստանի իշխանությունների հրավերով ժամանեց Հայաստան, ծանոթացավ մեր երկրին և անդրադարձավ նրա զբոսաշրջային հնարավորություններին այսպիսի մի մտքով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես այն պետք է հետաքրքիր դարձնել օտարների համար Արարատ լեռով, որի վրա Նոյյան տապանն է»:
-Պարոն Աղամյան, աշխարհում կառուցում են «Նոյյան տապաններ»՝ ամենատարբեր նշանակությամբ և ձևաչափերով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հոլանդիայում իրական չափերով՝ 195 մ երկարությամբ «Նոյյան տապան» զբոսաշրջային կենտրոն է կառուցվել և մեծ հաջողությամբ է գործում: Մեկ այլ «Նոյյան տապան» է գործում ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում, մյուսը՝ Հոնկոնգում, «Նոյյան տապան», ասում են, կա նաև Թուրքիայում: Կենտուկիի տապանը նույնպես բնական չափերով է պատրաստված, իսկ Հոնկոնգինը՝ հայտնի չափերի կես մասով:


«ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԿՍԿՍԵՆՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»


-Բնականաբար, նման աշխարհաստեղծ երևույթը և համամարդկային նախահայր Նոյը չէին կարող անմասն մնալ ոչ այնքան քաղաքակիրթ ոտնձգություններից: Այս ու այնտեղ պարբերաբար Նոյի մասունքներն են հայտնաբերում, ինչ խոսք, նաև Նոյյան տապանի մնացորդները:
-2012-ին Ղազախստանում գիտնականները «հայտնաբերել» էին ղազախական «Նոյյան տապանը», Նոյի կմախքը և դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նշյալ փաստը հաստատելու մտադրությամբ:
-Այս հարցում բավականին նախանձախնդիր է Թուրքիան:
-Ինչպես շատ այլ քաղաքակրթական և մշակութային յուրացումների դեպքում, թուրքերն այստեղ էլ են փորձում իրենցն անել:
-Այժմ անդրադառնանք Հայաստանում կառուցվելիք «Նոյյան տապան» համալիրին:
-Այսպիսով, ինչո՞ւ Հայաստանում չկառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային համալիրը՝ որպես մեր երկրի աննախադեպ քաղաքակրթական այցեքարտ և զբոսաշրջային աննախադեպ գրավչություն ունեցող հանգրվան: Այս նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու պատիվն ունեմ: Այն տեղադրվելու է Արարատի հայացքի ներքո և կառուցվելու է մեկ լումա անգամ չծախսելով պետական բյուջեից: Ողջ ծախսը կատարվելու է շահագրգիռ մարդկանց ներդրումների հաշվին: Արդեն կան հետաքրքրվողներ:
-Վայրը որոշվա՞ծ է:
-Առայժմ քննարկվում են մի քանի տարբերակներ: Այսօր մեր ձեռքի տակ է Բյուրական համայնքի գրավոր առաջարկը, որով տեղ է հատկացվել Արագածի լանջերին, մի վայր, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Այլ առաջարկներ ևս կան, որոնք ժամանակի ընթացքում հանգամանալից կքննարկվեն, և մենք վերջնական ընտրություն կկատարենք:
-Պարոն Աղամյան, ոչ տեղին խոսակցություններ են տարածվում, ըստ որոնց, այն դառնալու է հերթական մի խնջույքավայր: Ըստ իս, դա գլխավորապես անտեղյակության հետևանք է:
-Գուցե: Առիթն օգտագործելով՝ ամփոփ ներկայացնեմ նախագիծը: Առաջին հարկում «կբնակվեն» Նոյը, նրա ընտանիքը և նրանց հետ տապանում հանգրվանած կենդանիների զույգերը: Ամեն բան՝ ըստ Աստվածաշնչի տեղեկությունների: Երկրորդ հարկում նախատեսվում են պատկերասրահ և թանգարան, որտեղ կներկայացվեն համաշխարհային տարբեր կրոնների մշակութային նմուշները՝ իրենց ողջ բազմազանությամբ: Երրորդ հարկում հյուրատունն է և դահլիճներն են՝ նախատեսված տարբեր միջոցառումների համար: Չորրորդում կոնֆերենս-դահլիճն է` նախատեսված կառավարական նշանակալից հանդիպումների և համաժողովների համար, և տախտակամածը, որտեղից հրաշալի տեսարան կբացվի դեպի Արարատ:
«Նոյյան տապանը» կառուցվելու է իրական չափերին համապատասխան, աշխատանքներն իրականացնելու է «Գեղարվեստի» կոմբինատը՝ տնօրեն Մարտուն Հարությունյանի ղեկավարությամբ:


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ